Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանն է լինելու սփյուռքի թիկունքը և հույսը. Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Բեյրութի Հայկազյան համալսարանում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է` չորս ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո վստահորեն կարող է ասել, որ Հայաստանն է լինելու սփյուռքի թիկունքը և հույսը, ոչ միայն երազը: Հայրապետյանն ընդգծել է` սա ասում է որպես ՀՀ կառավարությունում սփյուռքի դեսպան և պատվիրակ:
«Թույլ տվեք չհամաձայնել, որ միայն սփյուռքը պիտի լիներ Հայաստանի թիկունքին, սրանք փոխադարձ սիրո ու հոգատարության, բայց նաև փոխադարձ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու փոխհարաբերություններ են»,- ասել է նա:
Նախարարն, ի պատասխան Հայաստանի անկախության 27-ամյակի առթիվ հնչած շնորհավորանքի, իր հերթին շնորհավորել է հանդիպման մասնակիցներին, նշել, որ Հայաստանի անկախ պետականությունը պատկանում է ամեն մի հայի`անկախ բնակության վայրից, լեզվի իմացությունից:
«Եթե որևէ մարդ իրեն համարում է հայ, անկախ պետականությունը հպարտություն է յուրաքանչյուրի համար: Մենք ունենք երիտասարդ` 27-ամյա, գրեթե իմ տարիքի պետականություն, որը բոլորիս փայփայելու, սիրելու կարիքն ունի: Մի անգամ ասացի` Հայաստանը սիրելու և սիրահարվելու երկիր է, վարչապետն ասաց` այո, բայց նաև ապրելու երկիր է: Ուզում եմ ասել` Հայաստանը լոկ հուզական տարածք չէ, որտեղ կարելի է գալ, լուսանկարվել, սիրել: Հայաստանը նաև ժամանակակից պետություն է, որը տալիս է հնարավորություններ»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ իրենց խնդիրն է` միասին էլ ավելի հզորացնել այս պետությունն իր լայն հնարավորություններով, որտեղ յուրաքանչյուր հայ կարող է գալ, հաստատվել, կառուցել իր կարիերան, ստեղծել կյանքի այնպիսի պայմաններ, որոնց մասին երազել է:
«Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է: Կառավարությունը, պաշտոնյաներս, որ նայում եք` կոստյումով, փողկապով, մենք ընդամենը ծառաներ ենք, սա ասում եմ` առանց ավելորդ պոպուլիզմի. սա իրականություն է»,- նշել է Հայրապետյանը: