Մերկելը ներկա չի լինի Էրդողանի առաջիկա այցի կապակցությամբ նախատեսված պաշտոնական ընդունելությանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկա չի լինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցի կապակցությամբ նախատեսված պաշտոնական ընդունելությանը: Էրդողանի այցը նախատեսված է սեպտեմբերի վերջին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է «Spiegel»-ը:
Հաղորդվում է, որ ընդունելությունը, որը կազմակերպում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն Էրդողանի այցի կապակցությամբ, տեղի է ունենալու իր նստավայրում: Նախագահը նման ընդունելություններ կազմակերպում է բոլոր պաշտոնական դեմքերի համար: Այս անգամ սպասվում է, որ ընդունելությանը ներկա կլինի 100-ից ավելի հյուր: Էրդողանի պատվին նախատեսված միջոցառումը դարձել է վեճի պատճառ:
Պարբերականը նշում է, որ դժվար է ասել, թե արդյոք Մերկելի քայլը կարելի է համարել քաղաքական ժեստ: Ամեն անգամ Անգելա Մերկելը նման ընդունելությանը մասնակցելու հրավեր ստանում է, սակայն, վերջին անգամ ներկա է եղել 2015 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի այցելության ժամանակ: