Սա կատարել են այն մարդիկ, ում ԱՄՆ-ն ամեն անգամ փրկում է. ԻԻՀ հոգևոր առաջնորդ
Իրանը դաժանորեն կպատժի վախկոտներին, ովքեր կանգնած են Ահվազի ահաբեկչության հետևում, որի հետևանքով 25 մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ-ի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին՝ տեղեկացնում է PressTV-ն։
Նրա խոսքերով՝ այս դեպքը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ իրանցիները «զարգացման և գերազանցության պատվաբեր ճանապարհին բախվում են բազմաթիվ թշնամիների»։ Ըստ նրա՝ սա կատարել են այն մարդիկ, ում ԱՄՆ-ն ամեն անգամ փրկում է, երբ նրանք դժվարության են հանդիպում Իրաքում և Սիրիայում։
Սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: Մարդկանց վրա կրակ են բացել ամբիոնի հետևում գտնվող անհայտ զինված անձինք: Սպանվել է 25 մարդ, մոտ 60 մարդ վիրավորվել է: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Իրանում ահաբեկչության հետևանքով զոհվածների համար սգո օր է հայտարարվել:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Սաուդյան Արաբիայի հետ կապված «Ալ-Ահվազ» խմբավորումը: