Ռուս դիվանագետները չեն փորձել օգնել փախչել WikiLeaks-ի հիմնադրին Մեծ Բրիտանիայից. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի դիվանագետները չեն կապվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ներկայացուցիչների հետ կամ Լոնդոնում Էկվադորի դեսպանության ներկայացուցիչների հետ՝ Մեծ Բրիտանիայից նրա փախուստը կազմակերպելու համար։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով բրիտանական The Guardian-ի հոդվածը, ըստ որի Ռուսաստանի դիվանագետները փորձել են կազմակերպել Ասանժի փախուստը։
«Առանձին նշենք, որ ՌԴ դեսպանությունում էկվադորյան դիվանագետների հանդիպումներին դավադիր բնույթ վերագրելու փորձերը չեն դիմանում որևէ քննադատության։ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանությունն ունի շփումների լայն շրջանակ և անցկացնում է բազմաթիվ ու պարբերաբար հանդիպումներ Մեծ Բրիտանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, ինչը նորմալ պրակտիկա է հանդիսանում աշխարհի ցանկացած երկրում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։