Լուկաշենկոն Սոչիում Պուտինի հետ բանակցությունները ծանր է անվանել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները ծանր, բայց արդյունավետ է անվանել: Այդ մասին, ինչպես հայտնում է belta.by-ն, Բելառուսի նախագահը հայտարարել է Մինսկում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
«Բանակցությունների հիմնական մասը եղել է նախագահի հետ դեմ առ դեմ: Բանակցությունները տևել են վեց ժամ, անգամ ավելին: Եվ, եթե անկեղծ լինեմ, դրանք անգամ ոչ թե բարդ, այլ ծանր բանակցություններ էին, բայց արդյունավետ»,- նշել է Լուկաշենկոն:
Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հերթական հանդիպումը Սոչիում կայացել է նախորդից ընդամենը մեկ ամիս անց: Երեք շաբաթից երկրների ղեկավարները պետք է կրկին հանդիպեն բելառուսական Մոգիլյովում, ուր բանակցությունների համար ժամանելու են ռուսական շրջանների նահանգապետերը: Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը հույս ունի մինչև տարվա վերջը լուծել երկկողմ հարաբերություններում առկա բոլոր խնդիրները։