Հայկական հողում ոչ մի վախ չկա. ռուս բլոգերն Արցախ կատարած այցի մասին
Հայտնի ռուս ճանապարհորդուհի, բլոգեր Նատալյա Անոխինան Facebook-ի իր էջում պատմել է Արցախ կատարած այցի մասին.
«Ոչ մի վախ Ղարաբաղի հողում» խորագրով անդրադարձում հեղինակը նշել է, որ Արցախում առաջին անգամ եղել էր 3 տարի առաջ, իսկ այս անգամ որոշել է ճանապարհորդել Իսրայելից, Հունգարիայից, Իտալիայից և մի շարք այլ երկրներից բլոգերների հետ:
«Նրանց, ովքեր մտածում են, թե Լեռնային Ղարաբաղում մինչև հիմա պատերազմ է ընթանում, կասեմ, որ արդեն վաղուց այնտեղ պատերազմ չկա՝ չնայած ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի հետ փոխհրաձգություն է տեղի ունենում: Բայց զբոսաշրջիկներին, միևնույն է, թույլ չեն տալիս մուտք գործել սահմանամերձ գոտիներ»,-նշել է Անոխինան:
Բլոգերը նկատել է, որ վերջին երեք տարում Արցախը դեպի լավն է փոխվել ու բարեկարգվել է: Անոխինան ընդգծել է, որ այժմ այստեղ զբոսաշրջիկներ են ժամանում ոչ միայն Ռուսաստանից, այլև աշխարհի ամենատարբեր անկյուններից՝ Հարավային Կորեայից, Սինգապուրից, Ճապոնիայից և այլ երկրներից:
«Միայն Սոթքի լեռնանցքն ամեն ինչ արժե: Երբ հիշում եմ, թե ինչպես էինք նախորդ անգամ գիշերով այնտեղով անցնում…գիշեր, ցեխոտ ճանապարհ, անձրև, մեքենայի անիվները գրեթե կախված էին անդունդի վրա: Իսկ հիմա այնտեղ հրաշալի ասֆալտապատ ճանապարհ է: Շուշին ևս զգալի կերպարանափոխվել է, պատերազմի ավերածությունների հետքերը գնալով ավելի են քչանում:
Մյուս փոքրիկ քաղաքները, որտեղ մենք եղել ենք, ևս դրական տպավորություն են գործել: Երբ համեմատում եմ նախորդ ու վերջին այցերս, ապշում եմ՝ ինչ արագությամբ են այստեղ ամեն ինչ կառուցում ու վերանորոգում: Դա ուղղակի ապշելու է: Նույնիսկ մեր քաղաքապետ Սոբյանինը (Մոսկվայի քաղաքապետը), որը կառուցապատման սիրահար է, այստեղ մրցակցությունից դուրս է»,-պատմել է բլոգերը՝ հավելելով, որ Արցախը, իհարկե, դեռևս զարգանալու տեղ ունի: Հայտնի է, որ Անոխինան ու իր օտարերկրացի գործընկերներն Արցախում 4 օր են անցկացրել՝ այցելելով Շուշի, Ստեփանակերտ, Տիգրանակերտ, ինչպես նաև Ամարասի վանք, Գանձասարի ու Դադիվանքի վանական համալիրներ: