Ամիրյան փողոցով քայլելով՝ եկա Հանրապետության հրապարակ, ուզում էի հասկանալ՝ ինչ տրամադրություն է տիրում. Լիլիթ Մակունց
Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը անձամբ հետևում է Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնակատարությունների ընթացքին, քաղաքացիների տրամադրությանը՝ շնորհավորանքներ ստանալով ու հղելով քաղաքացիներին։
Այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում:
«Ամիրյան փողոցով քայլելով՝ եկա Հանրապետության հրապարակ։ Ուզում էի հասկանալ, թե ինչ տրամադրություն է տիրում, արդյոք ամեն ինչ կարգին է և տեխնիկական խնդիրներ չկան։ Շատ ուրախացա՝ զգալով և տեսնելով այն տրամադրությունը, որը տիրում է այսօր, այս պահին Հանրապետության հրապարակում։ Շատ ուրախ եմ, որ տեսնում եմ՝ Անկախության օրը տոնում են նաև փոքրիկները, ովքեր ոգևորված նայում են, թե ինչ է կատարվում տիկնիկային և խամաճիկների թատրոնի բեմում և այլ ժամանցի վայրերում»,- ասաց Լիլիթ Մակունցը։
Մշակույթի նախարարը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Անկախության տոնի առթիվ իրականացվող տոնական ծրագրում ընդգծված են արվեստի և մշակույթի զանազան բնագավառներ՝ երաժշտություն, թատրոն, կերպարվեստ, քանդակագործություն, ներկայացված է նաև ազգային սնունդը։
«Շատ ուրախ եմ, որ Անկախության տոնն այս տարի հատկապես վերաիմաստավորվել է բոլորիս համար։ Այս տարի յուրաքանչյուրս յուրովի է ընկալում և զգում անկախությունը։ Անկախությունը գիտակցություն է, պատասխանատվություն, բայց նաև զգացողություն է։ Այս երկուսի համադրումն է մեր, որպես քաղաքացու, ներդրման առումով բավականին լավ արդյունք»,- նշեց Լիլիթ Մակունցը և հավելեց, որ կարևորվում է մարզային ապակենտրոնացումը, այդ իսկ պատճառով ապահովվել է մարզերի ներգրավվածությունը այս տոնակատարության մեջ։ Արցախը ևս ներկայացված է Անկախության տոնի միջոցառումների շարքում։