Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը կօգնի Սիրիայում զատել իրարից չափավոր ընդդիմադիրներին ու ծայրահեղականներին․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ օրեր առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որն ուղղված է սիրիական Իդլիբում իրավիճակը կարգավորելուն, թույլ կտա իրարից զատել չափավոր ընդդիմադիր զինյալներին ծայրահեղականներից, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Զախարովայի խոսքով՝ Պուտինի ու Էրդողանի որոշումը թույլ կտա փրկել մարդկային կյանքեր Իդլիբում, նա նշել է, որ ՌԴ-ն հույս ունի, որ այս քայլը սթափեցնող ազդցություն կունենա նաև նրանց վրա, ովքեր փորձում էին լարել իրավիճակը քիմիական զենքի միջոցով սադրանքներ կազմակերպելու ծրագրերով։
Մասնավորապես՝ Զախարովան շեշտել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, որն, ըստ Ռուսաստանի, փորձում էր արդարացնել իր ագրեսիան բեմականացված քիմիական հարձակման միջոցով։
Հիշեցնենք, որ Պուտինն ու Էրդողանը նախօրեին եկել են ընդհանուր որոշման, ըստ որի՝ սիրիական Իդլիբում՝ զինյալ ընդդիմադիր խմբավորումների ու սիրիական բանակի շփման գծի միջև, կստեղծվի ապառազմականացված գոտի։
Իրանն ու ԱՄՆ-ն արդեն արձագանքել են Թուրքիայի և ՌԴ առաջնորդների այս հանդիպմանը՝ գոհունակություն հայտնելով դրա վերաբերյալ։