Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է վրացական կազմակերպված հանցավոր խմբավորման 15 անդամի
Իսպանական ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է վրացական կազմակերպված հանցավոր խմբավորման 15 անդամի, որոնք մեղադրվում են Բարսելոնայում ու նրա արվարձաններում բնակարանների ու տների կողոպուտների համար, հայտնել է Rustavi2 հեռուստաընկերությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ձերբակալվածների խուզարկության ընթացքում ոստիկանությունն առգրավել է 130 հազար եվրո, 2 կիլոգրամ ոսկյա զարդեր, էլեկտրատեխնիկա, նաև բնակարանների կողոպտման համար նախատեսված սարքեր:
Ձերբակալվածների թվում է հանցախմբի 53-ամյա պարագլուխը: Նա, հետաքննության տվյալով, ղեկավարում էր կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը Բարսելոնայում, Ալիկանտում և Սեւիլիայում: Կատալոնիայի ոստիկանության տվյալով՝ գերատեսչությունը որոնում է այդ հանցավոր խմբավորման ևս 10 անդամների:
Ոստիկանությունում նշել են, որ սեպտեմբեր ամսին կասեցրել են երկու խմբավորումների գործունեությունը, ինչը 50 տոկոսով նվազեցրել է գողությունների թիվը տարածաշրջանում: