Ադրբեջանի բանակը Նախիջևանում պաշտպանական սցենարով զորավարժություն է անցկացնում
Սեպտեմբերի 18-ին Նախիջևանի առանձին համազորային բանակում մեկնարկել է զորավարժություն, որի սցենարով Նախիջևանում պաշտպանվում են «հակառակորդի» հարձակումից ու դիվերսիոն հարձակումներից։ Այս մասին, Razm.info-ի փոխանցմամբ, հայտնել է Նախիջևանի պետական հեռուստատեսությունը։
Զորավարժության սցենարի համաձայն՝ «հակառակորդը» անսպասելի հարձակվում է Նախիջևանի վրա, ինչպես նաև հետախուզադիվերսիոն գործողություններ է ձեռնարկում։ Պաշտպանություն կազմակերպելու համար ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիկունքից մեկնում են առաջնագիծ ու ներգրավվում մարտական գործողություններին։
Նախիջևանում այս վարժանքները կանցկացվեն մինչև սեպտեմբերի 21-ը՝ «մայր» Ադրբեջանում անցկացվող խոշոր զորավարժության հետ միաժամանակ։ Այնտեղ անցկացվող զորավարժությունն արդեն հարձակողական է, և թիրախը, ինչպես անթաքույց հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ն, Արցախն է։ Այդ զորավարժությանը մասնակցում է 20 հազար զինծառայող։