«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող
Սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Ֆիզուլիի ուղղությամբ երեք օր առաջ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1999թ․ ծնված Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev)։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը։
razm.info-ի փոխանցմամբ՝ աղբյուրին զինծառայողի մահվան մասին տեղեկությունները հայտնել է նրա մորեղբայրը, նշելով, որ թաղման արարողությունը արդեն եղել է։ Լրատվակայքը դիմել է Քապազի շրջանի ՏԻՄ, որտեղից հայտնել են, որ զինծառայողի մահվան մասին տվյալներ չունեն։ Բացի այդ, Meydan TV-ի լրագրող Հեբիբ Մյունթեզիրը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կան ևս մեկ զոհ ու մեկ վիրավոր, որոնց մասին մանրամասն տվյալներ չկան։
Նշենք, որ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են 3 ադրբեջանցի զինծառայողի, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն շարունակ պնդում էր, որ դա ապատեղեկատվություն է և ադրբեջանական կողմը որևէ կորուստ չի ունեցել։