ԱՄՆ-ում բացվում է առաջին Պիցցայի համալսարանը
Վաշինգթոնի և նրա արվարձանների բնակիչներն արդեն այս աշնանը կկարողանան պրոֆեսիոնալ պիցցա պատրաստել սովորել՝ ընդունվելով Բելթսվիլում (Մերիլենդ նահանգ) բացվող Պիցցայի համալսարան: Կրթական հաստատության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, արդեն սկսվել է խմբերի կազմումը, հաղորդում է TACC -ը:
ԱՄՆ-ի առաջին համալսարանը, որտեղ կարելի է պիցցայի պատրաստման վարպետ դառնալ, որոշել է բացել ձեռնարկատեր Ֆրանչեսկո Մարան, որն արդեն 10 տարուց ավել Վաշինգթոնում և նրա մերձակայքում զբաղվում է ռեստորանների համար պիցցայի պատրաստման համար վառարանների կառուցմամբ: Ժամանակի ընթացքում բացի ռեստորաններում ճիշտ վառարանների տեղադրումից, Մարան ցանկացավ նաև մարդկանց սովորեցնել ճիշտ պիցցա պատրաստել: Այդ ժամանակ նա որոշեց գաղափարն իրականացնելու համար բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնել:
«ԱՄՆ-ում կա 70 հազար պիցցերիա: Ընդհանուր առմամբ վաճառքից նրանց եկամուտը կազմում է 40 մլրդ դոլար: Մեկ վայրկյանում մենք մոտավորապես ուտում ենք 350 կտոր պիցցա», -ասել է Մարան:
«Բայց դրա հետ մեկտեղ չկա մի դպրոց, որտեղ պիցցա պատրաստել կսովորեցնեին», - USA Today-ին ասել է նա:
Պիցցայի համալսարանի կայքում նշվում է, որ բոլոր ցանկացողները կարող են գրանցվել մեկօրյա կամ երեքօրյա դասընթացներին, որոնց ընթացքում նրանց կներկայացվեն ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ վարպետության դասեր և սեմինարներ, որոնց ընթացքում ուսանողները խոհարարների գլխավորությամբ պատրաստում են իտալական ուտեստը: Դասընթացների ավարտին ուսանողները վկայական կստանան, որը հաստատում է ձեռք բերված հմտությունները: