Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում սեպտեմբերի 19-ին կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ցուցահանդեսում առաջին անգամ կցուցադրվի Վարպետի հայտնի «Գազելներ» կտավը` Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը (1927 թ.)։ Վերջինի ցուցադրումը մեծ իրադարձություն է, քանի որ այն 90 տարի անց առաջին անգամ է ցուցադրվելու Հայաստանում:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2018թ. նոյեմբերի 14-ը: Այն մեկ անգամ ևս մի փորձ է՝ ներառելու Մարտիրոս Սարյանի անունը համաեվրոպական մշակութային համատեքստում: