Մակրոնը քննադատության է արժանացել այգեգործին տված խորհրդի համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է արժանացել աշխատանք փնտրող երիտասարդին խորհուրդ տալու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի 40-ամյա նախագահն այգեգործ երիտասարդին ասել է, որ նա կարող է լավ աշխատանք գտնել, եթե փորձի այն փնտրել առավել մեծ պահանջարկ ունեցող ոլորտներում՝ նշելով ռեստորանային, հյուրանոցային ու շինարարական ոլորտները:
Նշվում է, որ նման խոսակցություն երիտասարդի ու Ֆրանսիայի նախագահի միջև կայացել է Ելիսեյան պալատում հայտարարված բաց դռների օրը: 25-ամյա երիտասարդն ասել էր, որ ուր և որքան էլ ուղարկում է ինքնակենսագրականը, մեկ է, որևէ արդյունք չի լինում: Ի պատասխան՝ Մակրոնն ասել է, որ ցանկության դեպքում աշխատանք հնարավոր է գտնել:
«Չկա մի տեղ, որտեղ ես գնամ՝ հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ, շինարարական օբյեկտներ և ինձ չասեն, որ աշխատող են փնտրում»,- ասել էր Մակրոնը: