Դոնբասում խոցված Boeing 777-ը խփվել է Ուկրաինային պատկանող հրթիռով. ՌԴ ՊՆ
Հրթիռը, որով Դոնբասում խոցվել էր MH17 չվերթն իրականացնող Boeing 777 օդանավը, պատկանել է Ուկրաինայում գտնվող զորամասին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռա-հրետանային վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Պարշինը, գրում է meduza.io-ն:
Նախարարությունը պարզել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրի համար նախատեսված հրթիռը, որով կործանվել է Boeing 777-ը, 1986թ. դեկտեմբերին փոխանցվել է Ուկրաինայի զորամասերից մեկի զենիթահրթիռային ջոկատին: Այժմ այդ զորամասը շարունակում է գտնվել Ուկրաինայում: Նշվում է, որ առկա են հրթիռի վերաբերյալ համապատասխան արխիվային փաստաթղթեր, որոնք ՌԴ պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է:
Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող մալայզիական Boeing 777-ը կործանվել է 2014թ. հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի օդային տարածքում: Ինքնաթիռում եղել է 298 մարդ, որոնք զոհվել են: