Ջոն Քերին պատասխանել է Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման առթիվ Թրամփի քննադատությանը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը, վերջինիս խորհուրդ է տվել ավելի շատ մտահոգվել իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հանդիպման մասին և ոչ թե Իրանի հարցով խորհրդակցությունների:
«Պարոն նախագահ, դուք պետք է ավելի շատ անհանգստանաք Ռոբերտի Մյուլերի հետ Փոլ Մանաֆորթի հանդիպման, քան Իրանի ԱԳ նախարարի հետ իմ հանդիպման առթիվ», – РИА Новости-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է Քերին:
Թրամփն ավելի վաղ քննադատել էր նախկին պետքարտուղարին Իրանի հետ խորհրդակցություններ վարելու համար՝ հարցադրում անելով, թե ինչու Քերին չի գրանցվել որպես օտարերկրյա գործակալ:
Ինչպես հայտնել էր պետքարտուղար Մայք Պոմպեոն, Քերին երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ հանդիպում է ունեցել իրանցիների հետ և քննարկել է միջուկային գործարքից դուրս գալու մասին Թրամփի որոշումը: