Իրանն ամերիկյան պատժամիջոցներից տնտեսությունը պաշտպանելու ծրագիր է պատրաստել
Իրանի փոխնախագահ, բյուջեի և պլանավորման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Բագեր Նոբահթը հայտարարել է, որ Թեհրանը համալիր ծրագիր է պատրաստել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների պայմաններում իրանական տնտեսության պաշտպանության համար:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` հղում անելով իրանական աղբյուրին, Նոբահթի խոսքով՝ ծրագիրը բաղկացած է 12 նմանօրինակ նախագծից: Մասնավորապես, իրանական իշխանությունները երկրի Կենտրոնական բանկի հետ միասին մի շարք միջոցառումներ են նախապատրաստել արժութային շուկայի աջակցման համար: Մեկ այլ ծրագրով նախատեսվում է ամեն տարի նոր աշխատատեղեր ստեղծել:
Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան) 2015-ի հուլիսի 14-ին պատմական համաձայնագիր էին կնքել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, որը թույլ է տալիս չեղարկել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: