Ստամբուլում բողոքի ցույցին մասնակցող ավելի քան 500 շինարար է ձերբակալվել
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է նոր օդանավակայանի կառուցման աշխատանքներն իրականացնող մոտ 500 շինարարների, որոնք ցույցի էին դուրս եկել՝ բողոքելով աշխատանքային ծանր պայմաններից:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ոստիկանությունը ընդդեմ ցուցարարների կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
«Իշխանությունները աշխատողների օրինական պահանջներին պատասխանեցին ուժով, այժմ ավելի քան 500 մարդ ձերբակալվել է: Փաստաբաններին տեսակցություն թույլ չեն տալիս, ձերբակալվածների մասին որևէ տեղեկատվություն չկա:
Մեր արհմիությունը փաստաբանների, պատգամավորների հետ միասին պահանջում է ազատ արձակել բանվորներին և կատարել նրանց պահանջները: Շինարարությունը դեռևս ընթանում է ոչ լիարժեք, և չնայած ղեկավարությունը ստիպում է աշխատել, աշխատողների 30% -ը դեռ գործադուլ է անում, մենք շարունակելու ենք պայքարել»,- ասել է տեղի շինարարների արհմիության ղեկավար Օզգյուր Քարաբուլութը: