Ադրբեջանի ցավը Թուրքիայի ցավն է. Էրդողանը Բաքվում ելույթ ունենալիս նախապայման է դրել Հայաստանի առաջ
Բաքվում ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախապայման է առաջադրել Հայաստանի հետ սահմանը բացելու համար, այն է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ պարտադիր պայման է Արցախյան հակամարտության կարգավորումը։
Էրդողանը խոսել է նաև Ադրբեջանի ավանդական ու ծեծված քարոզչական թեմաների մասին, թե Հայաստանը «օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը» և այլն, ու այդտեղից եզրահանգման եկել, որ այս պայմաններում Հայաստանը չի կարող իրենց պատմություն սովորեցնել։
«Ադրբեջանի ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է, Ադրբեջանի ցավը Թուրքիայի ցավն է», – հայտարարել է Էրդողանը «հայերից Բաքվի ազատագրումը» տոնելու միջոցառումներից մեկի ժամանակ։
Հայաստանը, հիշեցնենք, որ կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցել առանց նախապայմանների, իսկ Թուրքիան խափանում է գործընթացը՝ այսպիսի նախապայմաններ առաջադրելով։
Թուրքիայի նախագահը, հիշեցնենք, Բաքու է մեկնել հենց քաղաքի «ազատագրման» 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում։ Զորահանդեսի ժամանակ,ինչպես նախապես հայտարարվել էր, ձիերով անցնելու են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ, որոնց մի մասը կրելու է այն ժամանակվա թուրքական բանակի համազգեստներ։ Դրանով նրանք հարգելու են այն թուրքերի հիշատակը, որոնք ընկել են Բաքվի պաշտպանների դեմ մարտերում։