Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում ցուցադրել է իր սպառազինությունը
Սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը Ռուսաստանում նշվում է որպես Տանկիստի օր: Այս առիթով Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան բաց դռների օր է հայտարարել ու բազայի տարածքում ցուցադրել զրահատեխնիկայի այն նմուշները, որոնք այժմ ռազմաբազայի ենթակայության ներքո են:
Միջոցառման հատուկ հյուրերը Հայրենական մեծ պատերազմի 3 վետերաններն էին, ովքեր հնարավորություն են ունեցել նորագույն զինատեսակներին ծանոթանալ և համեմատականներ անցկացնել այն զրահամեքենաների հետ, որոնք կիրառվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Հայտնի «Կատյուշան» հիմա էլ ռուսական սպառազինությունում առկա է, ճիշտ է, ավելի կատարելագործված տարբերակով:
«Տանկային զորքերը եղել և մնում են ցամաքային զորքերի հարվածային ուժը: Ցանկացած ռազմական կոնֆլիկտի դեպքում հենց զրահամեքենաներն են գտնվում առաջնագծում: Դրա համար էլ ցանկացած երկրի բանակ առաջին հերթին ուշադրության կենտրոնում է պահում այս զորքերի մարտական պատրաստականությունը: Եվ եթե մենք ուզում ենք ցույց տալ մեր մարտական պատրաստվածության արդյունքը, դա անում ենք տանկային ստորաբաժանումների միջոցով»,- իր ելույթում նշել է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը:
Ռուսական ռազմաբազան ներկայացրել է նաև անօդաչու թռչող սարքերի և ինքնաձիգների վերջին մոդելները: Զենիթային դասի զրահամեքենաները հակաօդային պաշտպանությունն են ապահովում: Ռուսական ռազմաբազայում ներկայացված առանձին տեսակներ կարող են մինչև 2500 մետր բարձրության վրա գտնվող թիրախները խոցել: Տանկիստի օրվա առիթով ռազմաբազայի հրամանատարությունը պարգևատրել է տանկային ստորաբաժանման զինծառայողներին: