Ո՞րն է Եվրոպայի թիվ մեկ խնդրիը
Եվրոպայի համար այսօր թիվ մեկ սպառնալիքը պոպուլիզմն ու նեոնացիզմն է, այլ ոչ որոշ երկրների՝ Եվրամիության շարքերը լքելը։ Այդ մասին Ռիգայում կայացած Arraiolos խմբի գագաթնաժողովից հետո հայտարարել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:
Պավլոպուլոսը, մասնավորապես, նշել է, որ խմբի բոլոր անդամ պետությունների համար շատ կարևոր են 2019 թվականի մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք, Հունաստանի նախագահի խոսքով, ամենակարևորը կարող են դառնալ եվրոգոտու ստեղծումից ի վեր։
«Որոշվում է ԵՄ-ի ապագան։ Եվ մենք հույս ունենք, որ այդ սպառնալիքները չեն հաղթի։ Պետք է ասել, որ մենք վտանգ տեսնում ենք»,- ասել է Պավլոպուլոսը։
«Հայրենասիրության քողի տակ թաքնված պոպուլիզմն ու նեոնացիզմը միտված են միայն մեկ բանի՝ վերադարձնել անցյալի սարսափները, որոնք ժամանակին արդեն մեկ անգամ քանդել են Եվրոպան ու գրեթե ամբողջ աշխարհը»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ եվրոպացիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ Եվրոպա են ցանկանում տեսնել։