Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր` սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն ընտրեց ազգագրագետ Հարություն Մարությանին։
Ներկայացված 4 թեկնածուներից 2-ի՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չէր քվեարկել, Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել էր 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն ընտրվեց 11 կողմ ձայներով։
Հարություն Մարությանը գիտության ոլորտում 34 տարվա աշխատանքային փորձառություն ունի, իսկ վերջին երկու տարիներին ԳԱԱ արդիականության, ազգաբանության բաժնի գլխավոր գիտաշխատողի պաշտոնակատարն է, հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում՝ ցեղասպանության թեմայով: 2011թ. արժանացել է նաև ՀՀ նախագահի մրցանակին՝ ցեղասպանության բնագավառում աշխատանքներ իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 10-ից մեկնարկել էր հոգաբարձուների խորհրդի նիստը։ Շուրջ 3 ժամ փակ ռների հետևում հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են թեկնածուների՝ թանգարանի զարգացման տեսլականին, որից հետո քվեարկել են։
Մրցույթը հայտարարվել էր մեկ ամիս առաջ։ Դրան կարող էին մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտական աստիճան հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում, առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն և ցեղասպանության ոլորտում գիտական աշխատանքներ:
Թանգարան ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրվել էր 4 թեկնածու: