ԱՄՆ կոնգրեսականը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է արել
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Տեխասի ներկայացուցիչ Թեդ Փոն (Թեոդոր Լլոյդ Փո) իր ելույթում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ կառավարությանը կոչ արել ճանաչել այն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի «Թվիթեր»-ի էջում տեղադրված տեսանյութից:
Տեսանյութում, մասնավորապես ասվում է:
«Ավելի քան մեկ դար առաջ, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Եվրոպայում բռնկված մեծ պատերազմի վրա, տեղի է ունեցել պատմության մեջ ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը: Օսմանյան կայսրությունը և վերջինիս հետնորդ ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը միշտ հերքել են այն վայրագությունները, որոնք իրականացրել են հայ ժողովրդի նկատմամբ: Մեր սեփական կառավարությունը չափազանց երկար ժամանակ է աջակցել Թուրքիային: Մենք թույլ ենք տվել, որ քաղաքականությունը փակի մեր աչքերը 1.5 միլիոն անմեղ հայերի համատարած սպանության վրա, որը կատարվել է օսմանյան թուրքերի կողմից:
Մենք պետք է պաշտոնապես ճանաչենք այս սոսկալի հանցագործությունը, որպեսզի նման դեպքերի կրկնություն թույլ չտանք: Սա նաև նշանակում է ճնշել թուրքերին, որպեսզի ճանաչեն անցյալում գործած իրենց մեղքերը: Թուրքիան իր բռնապետ առաջնորդի՝ Էրդողանի ղեկավարությամբ ապացուցել է, որ բռնատիրական ճնշումներ է կիրառում սեփական ժողովրդի նկատմամբ: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ նա նույն դաժանությամբ է վարվում թուրք ժողովրդի հետ, ինչպես ավելի քան մեկ դար առաջ թուրքերը՝ հայերի հետ: Այսպիսի վարքագիծն անընդունելի է ՆԱՏՕ-ի անդամի և ԱՄՆ-ի ենթադրյալ դաշնակցի կողմից: Սակայն դա է իրականությունը»,- ասել է Թեդ Փոն: