Բաքուն արձագանքել է «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ ԱԺ-ի՝ Ադրբեջանին պայմանական պատերազմ հայտարարելու որոշումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ սանձազերծված պատերազմը շարունակվում է արդեն ավելի քան 27 տարի: Հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի հայտարարած սցենարը ակնհայտ ապացույցն է այն բանի, որ Հայաստանն ագրեսոր ու օկուպանտ պետություն է:
Դա նաև ցուցադրում է Հայաստանի նոր ռազմաքաղաքական իշխանությունների արխայիկ ու ֆեոդալական մտածելակերպը: Այն ընթացքում, երբ Ադրբեջանը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կառուցողական քայլեր է ձեռնարկում հակամարտության լուծման ուղղությամբ, ՀՀ գործող կառավարությունը շարունակում է Սարգսյանի ռեժիմի ռազմա-բռնապետական քաղաքականությունը՝ տարածաշրջանը կանգնեցնելով նոր ռազմական ավանտյուրաների ու սպառնալիքների առջև»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հաջիևի խոսքով՝ բանակցությունների վատթարացման գործում «մեղավոր է» Հայաստանի նոր իշխանությունը, որը «շարունակում է նախորդ իշխանության ռազմական քաղաքականությունը»:
Նա դարձյալ Հայաստանին մեղադրել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձախողման, լարվածություն առաջացնելու մեջ: