Եվրոպական հանձնաժողովը պնդում է ԵՄ-ի ներսում սահմանային հսկողության դադարեցման մասին
Եվրոպական հանձնաժողովը պնդում է Եվրամիության ներսում սահմանային հսկողության դադարեցման մասին: Այս մասին Funke լրատվական խմբի թերթերին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ի Միգրացիայի հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը: Նրա խոսքով, անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերադառնալ «Շենգենյան համաձայնագրի գործողության բնականոն սկզբունքին», հաղորդում է DW-ն:
Ավրամոպուլոսը մտադիր է սեպտեմբերի 13-ին Բրյուսելում ներկայացնել միգրացիոն քաղաքականության վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկության մանրամասները: Եվրոպական հանձնակատարը Շենգենյան համաձայնագիրը անվանել է «եվրոպական ինտեգրման ամենամեծ նվաճումներից մեկը»: Նոր առաջարկները կնպաստեն պայմանագրի պաշտպանությանը, կարծում է նա: «Մեզ անհրաժեշտ չէ ինչ-որ մի օր «Եվրոպա ամրոց» կառուցել», - ընդգծել է ԵՄ հանձնակատարը:
Ներկայումս սահմանային հսկողությունը գործում է Գերմանիայի եւ Ավստրիայի սահմանին: Եվրամիությունում սահմանների վերահսկումը իրականացվում է նաեւ Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի կողմից, որը ԵՄ-ի կազմում չէ, բայց Շենգենյան տարածքի անդամ է: Այս երկրների իշխանությունները այս քայլը բացատրում են միգրացիայի ճգնաժամի ֆոնին անվտանգությունը երաշխավորելու ցանկությամբ: