Կալիֆորնիայում տղամարդը գնդակահարել է 5 մարդու եւ ինքնասպանություն գործել
ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Բեյքերսֆիլդ քաղաքում տղամարդը գնդակահարել է 5 մարդու, այնուհետեւ ինքնասպան եղել, հայտնում է ABC30 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հրաձիգն ու նրա կինը նախապես եկել են ավտոտրանսպորտային ընկերություն, որտեղ վիճաբանել են մի տղամարդու հետ: Կասկածյալը նախ գնդակահարել է այդ տղամարդուն, ապա՝ իր կնոջը: Այնուհետեւ ֆիրմա է եկել եւս մեկ մարդ, եւ հրաձիգը նրան հետապնդել է ու նույնպես գնդակահարել, նշված է հաղորդագրության մեջ:
Դրանից հետո կասկածյալը մեքենայով այլ վայր է եկել, որտեղ եւս երկու մարդու է սպանել: Ապա մեքենա է առեւանգել, որում երեխայի հետ կին է եղել: Նրանց հաջողվել է փախչել: Իսկ կասկածյալը կայանատեղի է գնացել, որտեղ ինքնասպանություն է գործել, փոխանցում է հեռուստաալիքը:
Քերն շրջանի շերիֆը հստակեցրել է, որ տեղի ունեցածին ականատես է եղել ավելի քան 30 մարդ: Քննիչների կարծիքով՝ սպանությունները պատահական չէին: