Իրանում նախկին փոխնախագահին դատապարտեցին 6,5 տարվա բանտարկության
Իրանի նախկին փոխնախագահ Էսֆանդիյար Ռահիմ Մաշայիին դատապարտել են 6,5 տարվա բանտարկության, այդ թվում՝ երկրի անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու համար: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը: Մաշային այդ պաշտոնն զբաղեցրել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադի (2005-2013) պաշտոնավարման տարիներին, որի օրոք նա նաև որոշ ժամանակ խորհրդական է եղել:
Գործակալության տվյալներով՝ Մաշային 5 տարվա ազատազրկման է դատապարտվել «երկրի ներքին ու արտաքին անվտանգության» դեմ գործունեության համար, ինչպես նաեւ երկու այլ մեղադրանքներով, որոնք գործակալությունը չի նշում, մեկ տարի եւ վեց ամիս բանտարկության:
Բացի այդ, նույն այդ գործով անցնում է Ալի Աքբար Ջավանֆեքրը, որն զբաղեցնում էր Ահմադինեժադի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդականի պաշտոնը, նա ստացել է 4 տարվա բանտարկություն: Դատավճիռները հրապարակվել են Իսլամական հեղափոխական տրիբունալում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: