Ես չէի ցանկանա, որ իմ երկրի վարչապետն այդ տոնով ու ոճով խոսեր իր ժողովրդի հետ. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)
Օlիգարխ սահմանումը, ճիշտն ասած, ես լավ չեմ ընկալում, այդ սահմանման հետ համաձայն չեմ, բայց եթե որեւէ մեկը օրենքից դուրս ինչ-որ գործողություն կատարում է, բնականաբար, դրա համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատասխանատվություն կրի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին, թե ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել ուժային կառույցների ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումը, Բաղդասարյանը պատասխանեց. «Շատ բարդ հարց եք տալիս, համենայնդեպս մեզ համար դա ձեռնտու տարբերակ չէ: Պետք չի հանիրավի անուններ շոշափել առանց հիմքեր ունենալու: Քննությունը այդ հարցերի պատասխանները կտա: Չեմ ցանկանա նմանատիպ հնչողություն ունեցող հարցի շուրջ մեկնաբանություն անել»:
Դիտարկմանը, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր ԱԱԾ-ին, ոստիկանությանը իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Ես չէի ցանկանա, որ իմ երկրի վարչապետն այդ տոնով ու ոճով խոսեր իր ժողովրդի հետ»:
Ինչ վեաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անունները տվեց, եւ ժամանակ տվեց, որ գումարները վերադարձնեն, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Հայտարարություններով կամ նման ձեւերով ինչ-որ գումարներ անհատների կամ ընդհանրապես որեւէ գումար չեն առգրավում, դրա համար կան համապատասխան մարմիններ, կա դատարան, եթե կան նմանատիպ երեւույթներ, դատական կարգով այդ երեւույթները ի հայտ կգան»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչած մեղադրանքին, որ նա մարտի 1-ին զորքը սահմանից բերել է Երեւան ժողովրդի դեմ, նաեւ նշվել է, որ երեւի Ալիեւի հետ համաձայնություն է ունեցել, որ ես իմ ժողովրդի վրա կկրակեմ, դու միայն թե մի հարձակվի, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Անթույլատրելի են նման հայտարարությունները: Եթե մենք խոսում ենք նախաքննության գաղտնիքի մասին կամ մյուս բաների, դա պետք չի հրապարակային բաներ հայտարարել, որի հիմնավորումները չկան: Դա հասարակական կարծիքի ձեւավորման ցանկություն է: Ընդհանուր առմամբ շատ տհաճ երեւույթ է, որ նման ձեւերով հանրությանը տրամադրում ենք իրար դեմ՝ մեկը մյուսի դեմ հանելով, մեկը մյուսի դեմ գրելով: Բարեկամությունը, ընկերությունը դադարեցնելը մի քանի վայրկյանի գործ է, բայց կարող է տասնամյակներ թշնամությունը շարունակվի:
Մենք պետք է գնանք սիրո եւ հարեաշխության ճանապարհով: Մենք պետք է օգնենք վարչապետին, որ այս իրավիճակը իր բնականոն հունով գնա: Ինչպես տեսնում եք, մենք աշխատում ենք ԱԺ-ում եւ բնականոն իր աշխատանքը կատարում է Ազգային ժողովը: Արհեստական լարումներ պետք չի ձեւավորել»:
Տեսանյութ՝