Ռուսաստանում մեկնարկեցին «Արևելք-2018» զորավարժությունները 300 հազար զինծառայողների մասնակցությամբ
Ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ամենաընդգրկուն «Արևելք-2018» զորավարժությունները՝ 300 հազար զինծառայողների մասնակցությամբ, սեպտեմբերի 11-ին սկսվել են Արևելյան ռազմական օկրուգում:
Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում: «Հեռավոր Արևելքում մեկնարկել են «Արևելք-2018» զորավարժությունները»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դրանցում ներգրավված են մոտավորապես 300 հազար զինծառայողներ, ավելի քան հազար ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր, մինչև 36 հազար տանկ, զրահափոխադրիչներ և այլ մեքենաներ, մինչև 80 մարտանավ և օժանդակ նավեր, հավելել են պաշտպանության նախարարությունում: Զորավարժությունները ղեկավարում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Արևելք-2018» զորավարժություններին մասնակցում են Արևելյան և Կենտրոնական ռազմական օկրուգների զորքերը, Հյուսիսային նավատորմի ուժերը, օդադեսանտային զորքերի, հեռահար և ռազմափոխադրական ավիացիայի միավորումները: Նաև զորավարժություններին մասնակցում են Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի և Մոնղոլիայի զինված ուժերի զորամասերը: «Արևելք-2018» զորավարժությունները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 17-ը, հաղորդել է TACC-ը: