Ռուսաստանում հայուհին մեղադրվում է մի քանի միլիոն ռուբլու հնություններ գողանալու մեջ
Հայտնի ռուս գրականագետ և թարգմանիչ Յուրի Դենիսովը կողոպուտի զոհ է դարձել: Rusarminfo.ru -ի փոխանցմամբ՝ մինչ Դենիսովը հիվանդանոցում էր, նրա բնակարանից անհետացել են մի քանի միլիոն ռուբլի արժողությամբ հնություններ:
Հաղորդվում է, որ կողոպտիչները տարել են տարիներ շարունակ ձեռք բերված թանկարժեք իրերն և հնությունները, ինչպես նաև Դենիսովի զոքանչի թողած ժառանգությունը: Գողացված իրերից ամենաթանկարժեքը Վերածննդի դարաշրջանի ոսկյա մատանի էր՝ օնիքսով, անվանական գավաթներ, որոնք Նիկոլայ II կայսրը նվիրել էր երկու լեյբ-գվարդիականների, 19-րդ դարի ոսկեկար սրբապատկեր, 18-րդ դարի փորագրություն և այլն:
Իրերի կորուստը հայտնաբերելուց հետո գրականագետը հարազատների հետ սեփական հետաքննությունն է անցկացրել: Նրանք պնդում են, որ գողությունը կազմակերպել է տան աշխատակցուհին՝ ազգությամբ հայ Մարինան:
Հարուցվել է քրեական գործ: