Ինչպես են անցել ընտրությունները Ռուսաստանում
Մոսկվայում և Ռուսաստանի բոլոր շրջաններում սեպտեմբերի 9-ին քաղաքապետերի և նահանգապետերի ընտրություններ են անցկացվում:
Նույն օրը Ռուսաստանի ողջ տարածքում բողոքի ցույցեր են ընթանում՝ ընդդեմ կենսաթոշակային օրենսդրական բարեփոխումների: Ցույցերի անցկացման նախաձեռնողներից է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, սակայն իշխանությունները համաձայնություն չեն տվել դրանց անցկացման համար:
Ինչպես հայտնում է BBC-ն, Մոսկվայում ցուցարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մասին հոդվածով: Վերջինիս 10 տարվա ազատազրկում է սպառնում: Տղամարդու անունն իրավապահները չեն հաղորդում:
Քննության տվյալներով՝ տղամարդը, մասնակցելով չհավատարմագրված ակցիային, չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին և հարվածներ է հասցրել վերջինիս գլխի հատվածում:
Ինչպես նշվում է, բողոքի ցույցերն անցկացվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և մյուս խոշոր քաղաքներում: Ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցել:
ՆԳՆ-ն հաղորդում է Սանկտ Պետերբուրգում 100 մարդու ձերբակալության մասին: Որոշ աղբյուրներով՝ նրանց թիվը շատ ավելի մեծ է: Մոսկվայում մի քանի մարդու են ձերբակալել: Ամենից շատ թվով ձերբակալվածներ գրանցվել են Եկատերինբուրգում:
Ռուսաստանի հեռավոր շրջաններում քվեարկությունն ընտրություններում արդեն ավարտվել է, ձայների հաշվարկ է ընթանում:
Ավելի վաղ Մոսկվայի տարածաշրջանային անվտանգության վարչության ղեկավար Վլադիմիր Չերնիկովը չհավատարմագրված ակցիաներն անվանել է սադրանքի ձախողված փորձ: