Սևերի և սպիտակների բաժանելը շատ է մտահոգում բիզնեսին. Ռուսաստանաբնակ գործարարի ահազանգը Փաշինյանին
Ռուսաստանաբնակ հայ ներդրողներն անհանգստացած են «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ «սև և սպիտակ ուժերի» մասին աղմկահարույց հայտարարությամբ: Այս մասին Մոսկվայում սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արտակ Թովմասյանը:
«Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթը «սև և սպիտակ ուժերի» մասին: Ասեմ, որ դա շատ է անհանգստացնում բիզնեսին, այն գործընկերները, որոնք պատրաստ էին Հայաստան գալ, մտահոգված են՝ ի՞նչ պետք է անել, որ մեր ազգը չբաժանենք սևերի և սպիտակների: Ես հայտարարել եմ, որ մենք չենք դադարեցնելու մեր ներդրումները, նոր ներդրումներ ենք անելու: Մենք ներդրումներ չենք անում Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Փաշինյանի համար, մենք հայ ազգի համար ենք ներդրում անում: Այս հարցը մտահոգում է, և ի՞նչ եք Դուք անելու, որ չլինի նման թիմային բաժանում Հայաստանում»,- ասել է գործարարը:
Փաշինյանը պատասխանել է՝ ինքը կոչ է արել, որ քննադատությանը պետք է հանդուրժողականությամբ վերաբերվել և ամեն ինչ պետք է ներառվի սիրո և համերաշխության տրամաբանության մեջ:
«Սա իսկապես խնդիր է, և մենք պետք է քայլ- քայլ, համբերատար շարժվենք այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությանը. ես կարծում եմ՝ թյուըմբռնում կա այդ հայտարաության վերաբերյալ, և խոսքը բոլորովին այլ կոնտեքստի է վերաբերվել: Խոսքը վերաբերվել է նրան, որ բոլորիս ակնհայտ է, որ Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և երբ Հանրապետական մեծամասնության ներկայացուցիչները, ի հեճուկս քաղաքական պրոցեսների, փորձում են ցույց տալ, որ իրենք թույլ չեն տալու արտահերթ ընտրություններ, դրանով ասում են՝ ժողովուրդ ջան, դուք մի հատ էլ պետք է հեղափոխություն անեք: Եթե պետք լինի, մի հատ էլ կանենք, բայց ես, որպես ՀՀ վարչապետ, բացառում եմ, որ երբևէ Հայաստանում ատելության մթնոլորտ կձևավորվի: Ես ձեր այս ահազանգն ի գիտություն եմ ընդունում և բոլորին կոչ եմ անում, որ որևէ մեկին ուղղված քննադատություն չվերածվի ատելության քարոզի, մերոնքականների և ձերոնքականների բաժանելը պետք է բացառվի»,- ասել է վարչապետ Փաշինյանը: