Հայտնի է դարձել Կիմ Չեն Ինին Պուտինի ուղարկած հեռագրի բովանդակությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության հիմնադրման 70-ամյակի առթիվ և երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման վստահություն արտահայտել։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Բացի այդ, ռուս առաջնորդը նշել է տարբեր ոլորտներում Մոսկվայի և Փհենյանի համագործակցության զարգացումը։
«Դա լիովին բխում է մեր պետությունների ժողովուրդների շահերից, ընթանում է Կորեական թերակղզում և ընդհանուր առմամբ Հյուսիսարևելյան Ասիայում կայունության և անվտանգության ամրապնդման հունով»,-ասվում է հեռագրում։
Սեպտեմբերի 9-ին Փհենյանում շքերթ կանցկացվի՝ Հյուսիսային Կորեայի կազմավորման 70-ամյակի առթիվ։ Ուրբաթ հանրապետություն է ժամանել ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։ Նա հանդիպում է անցկացրել Կիմ Չեն Ինի հետ և նրան ուղերձ փոխանցել ՌԴ նախագահից։ Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր հերթին Ռուսաստան այց կատարելու պատրաստակամություն է հայտնել։