Նիդերլանդների արդարադատության նախարարը թույլ է տվել արտաքսման վտանգի առաջ կանգնած հայ երեխաներին մնալ երկրում
Նիդերլանդների արդարադատության նախարար Մարկ Հարբերսն, օգտվելով իր լիազորություններից, բնակության թույլտվություն է շնորհել Հայաստան արտաքսվելու սպառնալիքի առաջ կանգնած հայազգի երեխաներին:
Ինչպես տեղեկացնում է Dutch News-ը, 12-ամյա Լիլին և 13-ամյա Հովիկն այժմ կարող են մնալ Նիդերլանդներում՝ «փոփոխված հանգամանքների» պատճառով, ինչպես նշել է նախարարը: Հարբերսն ավելի վաղ հրաժարվել էր իր լիազորություններն օգտագործելուց, որպեսզի թույլ տա երեխաներին մնալ երկրում:
Ինչպես հաղորդվում է, չարտաքսվելու վերջին հույսը կորցրած երեխաներն ուրբաթ գիշեր անհետացել էին իրենց խնամակալի տնից, որից հետո ոստիկանական որոնումներ էին սկսվել: Այսօր կեսօրին նրանց փաստաբանը հայտնել է, որ երեխաները գտնվել են և իրենց լավ են զգում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովիկն ու Լիլին նամակով դիմել էին Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, թագուհի Մաքսիմային, վարչապետ Մարկ Ռյուտեին և պետքարտուղար Մարկ Հարբերսին՝ խնդրելով թույլ տալ իրենց մնալ երկրում: