Քաղաքացիական դրսևորումները լեգիտիմ, բայց դրանք չպետք է փոխարինեն խորհրդարանական գործընթացներին. Ջոզեֆ Դոլը՝ Հայաստանի մասին
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հաղորդում է ՀՀԿ մամուլի ծառայությունը:
Ջոզեֆ Դոլը գրել է. «Չնայած Քաղաքական ասամբլեայում մեծապես կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, մենք պետք է նաև ուշադիր կերպով հետևենք Արեւելյան հարևանությունում տեղի ունեցող իրադարձություններին:
Այս առնչությամբ չորեքշաբթի օրը ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, ով բարձրաձայնել է նոր կառավարության օրոք առկա իրավիճակի մասին: Ես կշարունակեմ հետամուտ լինել իրավիճակին և լիահույս եմ, որ երկրի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը:
Քաղաքացիական դրսևորումները միշտ են լեգիտիմ, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»:
Մինչ այդ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն Facebook-ի իր էջում գրել էր. «Այսօր ԵԺԿ գլխակայանում հանդիպել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Ժոզեֆ Դոլի հետ: Նրան եմ ներկայացրել Հայաստանում առկա մարտահրավերներն ու զարգացումները՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:
Որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ՝ վերահաստատել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման կարևորությունը, ընդգծել՝ Արևելյան գործընկերության շրջանակում խորհրդարանական դիվանագիտության դերը»: