ՌԴ-ն իր տարածքում չեղարկել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը
Ռուսաստանի Դաշնությունը չեղարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված ԱՊՀ միջպետական հետախուզումն իր տարածքում: Այդ մասին հայտնել է Interfax.ru-ն:
«2008թ. Երևանում մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվող Հարությունյանի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է ՌԴ տարածքում չեղարկել նրա նկատմամբ հետախուզումը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նա մանրամասնել է, որ այսպիսով՝ ՌԴ տարածքում նախկին նախարարին ոչինչ չի սպառնում: Բայց եթե Հարությունյանը հայտնվի ԱՊՀ երկրներից որևէ մեկում, նրան կարող են ձերբակալել ու արտահանձնել Հայաստանին:
Աղբյուրը հավելել է, որ պաշտպանության նախկին նախարարի ձերբակալման ու արտահանձնման վերաբերյալ դիմումը Մոսկվան վերջերս է ստացել և ոչ թե ՀՀ գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման գծով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը կմերժի Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում, քանի որ նա ՌԴ քաղաքացիություն ունի:
Գործակալությունը նշել է, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:
Հայտնի է, որ ՌԴ սահմանադրության համաձայն՝ երկրի քաղաքացին չի կարող արտահանձնվել այլ երկրի՝ նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկվելու համար:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար: