Պուտինը սեպտեմբերի վերջին Ադրբեջան կայցելի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այս ամսվա վերջին պատրաստվում է Ադրբեջան այցելել, գրում է «Известия» պարբերականը՝ հղում անելով ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին։
Հայտնի է, որ նույն օրերին Պուտինը կլինի նաև Տաջիկստանում և Ուզբեկստանում։
Ուշակովը հայտնել է, որ մինչև այս տարվա վերջ Ռուսաստանը պատրաստվում է հյուրընկալել ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը։
«Մեր հերթն է անցկացնելու հանդիպումը, կքննարկենք գործընկերների հետ, թե երբ է նրանց հարմար», - ասել է Ուշակովը։
Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Բաքու կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մեկօրյա այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ։
Սեպտեմբերի 1-ին Սոչիում էլ կայացել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը պաշտոնական այցով Ռուսաստան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բանակցությունների արդյունքում ստորագրվել էին մի շարք միջպետական ու միջգերատեսչական փաստաթղթեր։ Քննարկվել էր նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման։