Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է Թրամփի դստերն ու փեսային ու քննարկել բանտային բարեփոխումների հարցը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այս տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ է հյուրընկալվել ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրում՝ Սպիտակ տանը, որտեղ նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի, նրա ամուսնու՝ նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Ջարեդ Քուշների հետ քննարկել է կալանավորներին ու նրանց համաներմանն առնչվող մի շարք հարցեր:
Ինչպես նշում է CNN-ը՝ Սպիտակ տանը քաջատեղյակ աղբյուրներին հղումով, այս անգամ Քիմ Քարդաշյան-Դոնալդ Թրամփ հանդիպում նախատեսված չի եղել:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախագահն ամռանը հայազգի գեղեցկուհուն ընդունել էր օվալաձև աշխատասենյակում, որտեղ նրանք քննարկել էին թմրանյութերի տարածման համար ցմահ ազատազրկման դատապարտված Էլիս Ջոնսոնին ներում շնորհելու հարցը:
Քարդաշյանը, մեկնաբանելով իր վերջին այցը, Twitter-ում գրել է. «Ես սկսեցի տիկին Էլիսի գործով, բայց բանտերում հանդիպելով բազմաթիվ տղամարդկանց ու կանանց, տեսնելով նրանց դեմքերը, ծանոթանալով նրանց պատմություններին՝ հասկացա, որ չեմ կարող սահմանափակվել միայն մի գործով:
Եկել է իրական կանոնավոր փոփոխությունների ժամանակը»:
Հայտնի է, որ հեռուստաաստղը կոչ է արել բանտային որոշ բարեփոխումներ անել, ավելի թափանցիկ դարձնել կալանավորներին ներում շնորհելու գործընթացը:
Բացի այդ, նա ներկայացրել է ցմահ ազատազրկման դատապարտված մեկ այլ ամերիկացու գործը: