Թուրքիայում նախագահական ընտրություններն անցել են անհավասար պայմաններում
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: ԵԽԽՎ զեկույցում ասվում է, որ ընտրություններին մասնակցող թեկնածուների նախընտրական քարոզարշավն ընթացել է անհավասար պայմաններում, և պատշաճ չի եղել նաև քաղաքացիների օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը:
Լրատվամիջոցները հիմնականում անդրադարձել են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությանը (ԱԶԿ), ինչը նույնպես խոսում է նախընտրական շրջանում թեկնածուների համար եղած անհավասար պայմանների մասին: Թուրքիայում հունիսին տեղի ունեցած ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել ԵԽԽՎ հանձնաժողովի 28 դիտորդ: ԵԽԽՎ կողմից հրապարակված զեկույցը հոկտեմբերի 8-ին քննարկվելու է Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ընդհանուր հանձնաժողովի նիստում: