ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հանդիպել է ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ
Սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ։
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է կատարվել հատուկ խորհրդականի գրասենյակի հետ ձևավորված ակտիվ համագործակցությանն ու դրա շրջանակներում իրականացվող նախաձեռնություններին, Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի ընդունման 70-ամյակին ընդառաջ Կոնվենցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն ու համընդհանուր վավերացմանն ուղղված միջազգային քարոզարշավի ընթացքին:
ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից վերահաստատվել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրների կարևորությունը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, հիշատակվել են այս ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ 2015թ. Հայաստանի նախաձեռնությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ու միջոցառման թեմատիկ շեշտադրումները` ուղղված ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում կրթության դերի բարձրացմանը:
ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից վերահաստատվել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի գործունեությանն աջակցելու ու փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի հանձնառությունը: