Հ2-ի փոխտնօրենը նստացույց է անում, պահանջում է Մակունցի հրաժարականը (տեսանյութ)
Հ2 հեռուստաալիքի փոխտնօրեն, կինոարտադրող Վլադիմիր Հայրապետյանը մշակույթի նախարարության շենքի դիմաց նստացույց է անում, և պահանջում նախարար Լիլիթ Մակունցի հրաժարականը: Վլադիմիր Հայրապետյանը նստացույցը սկսել է երեկվանից և պատրաստ է շարունակել այնքան՝ մինչև իր նպատակին կհասնի: Այս մասին գրում է՝ armtimes.com -ը:
Վլադիմիր Հայրապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այսուհետ ամեն օր՝ աշխատանքից հետո, ժամը 14:00-ի սահմաններում գալու է և մինչև ուշ երեկո նստելու է մշակույթի նախարարության շենքի մուտքի դիմաց: Վերջինս հայտարարում է, որ Լիլիթ Մակունցն անտեսում է մշակույթի գործիչների խնդիրներն ու չի խորանում դրանց մեջ: Նստացույցի և նախարարի հրաժարականը պահանջելու պատճառը սա է:
«Ձևը գտել է՝ ինչ ասում ենք, ասում է՝ հանձնաժողով կստեղծվի, որ հետո, եթե մի բան այնպես չստացվի, պատասխանատվությունն իր վրայից ընկնի: Հայտ էի ներկայացրել գեղարվեստական ֆիլմ նկարելու համար, ինձ ասացին, որ ինչ-որ կանոնակարգով պետք է լինի, բայց կանոնակարգը տպագրվեց, ես տեսա, որ բացարձակ խաբեություն է»,- ասաց նա:
Վլադիմիր Հայրապետյանը վստահ է, թե երեք ամսվա փորձը ցույց տվեց, որ Մակունցն ի վիճակի չէ խորանալ պրոբլեմների մեջ, վերլուծել և լուծում առաջարկել: Վերջինիս խոսքով՝ կինոյի ոլորտում ստեղծված հանձնաժողովն այսօր ավելի վատն է, քան կար ենթադրենք ԽՍՀՄ տարիներին: «Վերջերս, երբ «Լոֆթ»-ում հավաքվել էին բոլոր կինոգործիչները ու պիտի բանավեճ լիներ, Մակունցը չեկավ, մինչդեռ հայտարարել էր, որ գալու է: Մակունցի տեղակալը եկավ, կես ժամ նստեց, թողեց գնաց»,- ասաց նա:
Վլադիմիր Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ անձամբ հանդիպում ունեցե՞լ է Լիլիթ Մակունցի հետ. «Շատ տխուր տպավորություն եմ ստացել նրա հետ հանդիպումից, այն՝ ինչ-որ ես հարցրել եմ, ստացել եմ շատ տարօրինակ պատասխաններ»: Մակունցի հետ հանդիպումը կայացել է Վլադիմիր Հայրապետյանի դիմումի համաձայն: Նախարարն իրեն 5 րոպե ժամանակ է տրամադրել:
«Որպես առաջին կինոարտադրող, ես չեմ կարծում, որ էդքան պատահական մարդ էի, որ նման վերաբերմունքի արժանանայի: Ես ինձ զգացի՝ ինչպես մանկապարտեզում: Տպավորություն էր, թե մանկապարտեզի երեխային բացատրում ես, թե սա ոնց է, նա ոնց է»,- ասաց Վլադիմիր Հայրապետյանը: Վերջինս պատմեց, որ Մակունցից գումար է ուզել հոլիվուդյան ինչ-որ ֆիլմի մասին նովելի տպագրման համար, իսկ վերջինս ասել է. «Մենք ձեզ գումար չենք տա, որպեսզի դուք հարստանաք»:
Տեսանյութ՝