Ջիգարխանյանի մասնակցությամբ «անպարկեշտ» տեսանյութի պատճառով քրգործ է հարուցվել
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակելու առիթով: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Ինչպես նշել է արտիստի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը, քրեական գործը հարուցվել է անձի անհատական կամ ընտանեկան գաղտնիքը պարունակող տեղեկատվության ապօրինի հավաքման և տարածման մեղադրանքով՝ առանց նրա համաձայնության, կամ այդ տեղեկությունները լրատվամիջոցների միջոցով տարածելու մեղադրանքով:
Փաստաբանի խոսքով՝ տեսանյութը, որն «անպարկեշտ» է անվանվել, 2017 թվականի դեկտեմբերի հինգին ցուցադրվել է Ռուսաստանի դաշնային ալիքներից մեկի թոք-շոուի եթերում:
Տեսանյութը, որում Ջիգարխանյանը ներկայացել է ոչ դուրեկան տեսքով, բջջային հեռախոսով նկարահանել է արտիստի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան: