Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի. Ռիչարդ Միլս
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 5-ին՝ Երևանում ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին նվիրված մեկօրյա համաժողովի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին:
Դեսպան Միլսին խնդրել են անդրադառնալ վերջին շրջանում Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի վերաբերյալ հնչեցրած գնահատականներին: Հարցին` արդյո՞ք դա ճնշում չէ Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ և միջամտություն Հայաստանի ներքին գործերին, դեսպանը պատասխանել է, որ տեսել է այդ գնահատականները, արձագանքները:
Միլսն ասել է, որ այդ մեկնաբանություններին պետք է արձագանքի Հայաստանի կառավարությունը:
«Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի, և կարևոր է որ այս քննությունը իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակում»,- ասել է նա: