Թուրքիան հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության օգտին, չնայած երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններին: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:
Այդ հայտարարությունը Չավուշօղլուն արել է Իզմիրում Հունաստանի վերանորոգված հյուպատոսարանի բացման արարողությանը, որին մասնակցել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը։
Իզմիրում Հունաստանի հյուպատոսության պատմական շենքի պաշտոնական բացումը հետաձգվել էր մարտին երկու հույն զինվորականների ձերբակալման կապակցությամբ: Զինվորականների ձերբակալումը վերջին ամիսներին ամենասուր խնդիրներից մեկն էր դարձել Անկարայի եւ Աթենքի հարաբերություններում: Օգոստոսի 14-ին նրանց ազատումից հետո Հունաստանի ԱԳ նախարարությունը հույն-թուրքական հարաբերությունների զարգացման հույս էր հայտնել:
«Թուրքիան եւ Հունաստանը մեր տարածաշրջանի հանգուցային երկրներն են: Գաղտնիք չէ, որ մենք ունենում ենք օրեր, երբ չենք կարողանում համաձանության գալ, երբեմն մենք բուռն օրեր ենք ապրում, ունենք տարաձայնություններ: Մենք մեզ թույլ չէինք տա մեր երկրում ընդունել խռովարարների, որոնք փորձեին հեղաշրջում սարքել Հունաստանում: Բայց ելքը տեսնում ենք Հունաստանի հետ համագործակցության ու երկխոսության մեջ»,
Չավուշօղլուի խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը: Իր հերթին Կոտզիասը հայտարարել է, որ Հունաստանը 2016 թվականի հուլիսին «Թուրքիայի կողքին էր հեղաշրջման փորձի ժամանակ»: