Լիլիթ Մակունցը Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է «Արգենտինական տանգոյի շաբաթ» միջոցառումը
Հայաստանում Արգենտինայի դեսպանատունն արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է «Արգենտինական տանգոյի շաբաթ»: Այս տարի այն տեղի կունենա սեպտեմբերի 10-16-ը: Միջոցառման մանրամասներն այսօր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ու նրա տեղակալների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
Դեսպանի խոսքով՝ միջոցառումն այս տարի ընդլայնում է սահմանները, և տանգոյին նվիրված միջոցառումներ տեղի կունենան ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում և Իջևանում: Դեսպանն անդրադարձավ նաև թարգմանությունների աջակցման «Հարավ» (Programa SUR) ծրագրին, տեղեկացրեց «Մոսկվա» կինոթատրոնում կայանալիք «Արգենտինյան կինոշաբաթ» նախաձեռնության մասին: Հանդիպմանը քննարկվեց վերոնշյալ և հայ-արգենտինյան մշակութային այլ ծրագրերի շուրջ համագործակցության հնարավորությունը:
Նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ ողջունում է ստեղծարար մտքի զարգացմանն ուղղված մշակութային ցանկացած ձեռնարկ՝ միաժամանակ առաջարկելով «թարմացնել» «Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև մշակութային համագործակցության մասին» ծրագիրը, որի ժամկետն արդեն լրացել է: