Չինաստանը մտադիր է Աֆրիկայի երկրներում 60 մլրդ դոլարի ներդրում կատարել
Չինաստանը մտադիր է Աֆրիկայի երկրներում60 մլրդ դոլարի ներդրում կատարել: Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 3-ին, Պեկինում ելույթ ունենալով Չինաստանի եւ Աֆրիկայի համագործակցության համաժողովի (FOCAC-2018) բացման արարողության ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպին, հայտնում է DW-ն:
Չինաստանի առաջնորդի խոսքով առաջիկա երեք տարիներին առնվազն 10 միլիարդ դոլար կհատկացվի: Խոսքը միջկառավարական օգնության, ներդրումների, եւ վարկերի մասին է: Մասնավորապես, նախատեսվում է, որ ընդհանուր գումարից 15 մլրդ դոլարը կհատկացվի որպես օգնություն եւ անտոկոս վարկեր:
Չինաստանի նախագահը նաեւ ասել է, որ Պեկինը մտադիր է Աֆրիկայի երկրներին լրացուցիչ 1 միլիարդ յուան (մոտ 146 միլիոն դոլար) որպես նյութական օգնություն տրամադրել մայրցամաքում գյուղատնտեսության զարգացման համար: Բացի այդ ոլորտի զարգացման համար Աֆրիկա կուղարկվեն բարձր որակավորում ունեցող 500 չինացի գյուղատնտեսության մասնագետներ:
Պեկինում երկօրյա համաժողովին մասնակցում են աֆրիկյան բազմաթիվ պետությունների առաջնորդներ:
Աֆրիկյան առաջատար քաղաքական գործիչների եւ գործարարների հետ հանդիպումից մի քանի ժամ առաջ ելույթ ունենալով, Սի Ցզինպինն ընդգծել է, որ Աֆրիկայում չինական ներդրումները կապված չեն որեւէ քաղաքական պայմանների եւ պարտավորությունների հետ: