Դոլարի օգտագործումը խոչընդոտում է համաշխարհային առևտրին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տարբեր երկրների կողմից ԱՄՆ դոլարի օգտագործումը խոչընդոտում է համաշխարհային առևտրին: Նման հայտարարություն Էրդողանը արել է Ղրղզստանում՝ Թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի ժամանակ:
Էրդողանը միևնույն ժամանակ Թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրներին առաջարկել է անցում կատարել ազգային տարադրամին, ինչը, նրա խոսքով, առևտրի զարգացման համար կարևոր պայման է:
«Մեր երկրներում ապրում է շուրջ 70մլն մարդ, սակայն տարածաշրջանի ՀՆԱ-ն կազմում է ընդամենը 350 մլրդ դոլար: Ցավոք, կարելի է ասել, որ ապրանքաշրջանառությունը ցածր մակարդակի վրա է գտնվում: Մենք պետք է լուծենք այս հարցը և քայլեր ձեռնարկենք իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- նշել է Էրդողանը:
Թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի 6-րդ նիստին մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև Հունգարիայի վարչապետը: