ՄԱԿ–ում պատմել են փախստականների մահացության մակարդակի մասին
Այս տարի Միջերկրական ծովում միգրանտների և փախստականների մահացության ավելի մեծ թվով դեպքեր են գրանցվել, ասված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) տարեկան զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Զեկույցում, մասնավորապես, ասված է, որ միգրանտների ու փախստականների ընդհանուր թիվը, որը ժամանում է Եվրոպա, 2018 թվականին կրճատվել է 42 տոկոսով։ Սակայն մահացության մակարդակը կտրուկ աճել է հատկապես Միջերկրական ծովի շրջանում, որտեղ հունվարից հուլիս ժամանակահատվածում ամեն 18 մարդուց մեկը մահացել է։ Նախորդ տարվա նույն այդ ժամանակահատվածում մահացել է ամեն 43–րդ միգրանտը:
ՓԳՀ-ի տվյալներով՝ այս տարի Միջերկրական ծովում զոհերի կամ անհայտ կորածների թիվը գերազանցել է 1600 մարդը։
«Այս զեկույցը հերթական անգամ հաստատում է, որ Միջերկրական ծովով ճանապարհը ճանապարհորդության համար առավել մահացուն է»,–հայտարարել է ՄԱԿ ՓԳՀ եվրոպական բյուրոյի տնօրեն Պասկալ Մորոն։
Այս առնչությամբ ՄԱԿ ՓԳՀ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ մեկտեղ կոչ է արել տարածաշրջանային մոտեցում մշակել Միջերկրական ծովում մարդկանց փրկելու եւ ափ հասցնելու համար։ Բացի այդ, ՓԳՀ-ն կոչ է անում Եվրոպայի իշխանություններին ավելացնել փախստականների համար օրինական ճանապարհները, մասնավորապես, ավելացնել բնակեցման ծրագրերը եւ չխոչընդոտել ընտանիքիների վերամիավորմանը։