Թուրքիայի իշխանությունները գներն աննորմալ կերպով բարձրացրած առևտրականների որս են կազմակերպել
Թուրքիայի առեւտրի նախարարությունը տեսչություններ կանցկացնի այն ընկերություններում, որոնք լիրայի անկայունության ֆոնին «աննորմալ» բարձր գներ են սահմանել, հայտնում է Hyurriet-ը։
Նախարարությունը ստուգումներ է անցկացրել Թուրքիայի բոլոր նահանգներում այն խոսակցություններից հետո, որ մի քանի սպեկուլյանտներ բարձրացրել են տարբեր ապրանքների գները՝ օգտագործելով ֆինանսական շուկայում ժամանակավոր անկայությունը։ Տեսչությունն ուղղված է այն վաճառողներին բացահայտելուն, որոնք չեն տուժել ինքնարժեքի ու արժութային փոխարժեքի աճից, բայց, այնուամենայնիվ, բարձրացրել են գները։
Հայտարարության համաձայն՝ նախարարությունը վարչական գործընթացներ է սկսել նրանց դեմ, որոնք «ոչ նորմալ կերպով բարձրացրել են գները» կամ դիմել են գների բարձրացման քողարկմանը պարենային ապրանքների ծավալի կրճատման հաշվին։