Սոչիում վայրէջք կատարելիս օդանավն ընկել է գետը և այրվել. կան 18 տուժածներ, զոհվել է օդանավակայանի աշխատակիցը (տեսանյութ)
Շաբաթ գիշերը Սոչիի օդանավակայանում օդանավի պատահարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 18-ի: Այս մասին նշված է ՌԴ առողջապահության նախարարության կայքում:
«Սոչիի օդանավակայանում օդանավի հետ տեղի ունեցածի կապակցությամբ հայտնում ենք, որ ներկա պահին արտակարգ պատահարի հետեւանքով տուժել է 18 մարդ, որոնցից երեքը երեխաներ են: Զոհվածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտակարգ պատահարը, հնարավոր է, տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. կայծակի եւ տեղատարափ անձրեւի պատճառով օդանավի վայրէջքը հաջողվել է միայն երկրորդ անգամից, սակայն վատ տեսանելիության եւ թռիչքուղու սայթաքուն լինելու հետեւանքով անձնակազմը կորցրել է կառավարումը:
Քննության վարկածով՝ շաբաթ Մոսկվայի ժամանակով 2:50-ին «Սոչի» օդանավակայանում Utair ավիաընկերության «Բոինգ 738» օդանավը վայրէջք կատարելիս, որն իրականացնում էր «Վնուկովո-Սոչի» UT579 չվերթը, թռիչքուղուց դուրս է սահել եւ տեղի է ունեցել ձախ ու աջ թեւի բռնկում, որի հետեւանքով տուժել են մի քանի ուղեւորներ, այդ թվում՝ անչափահաս: Փոխադրողի տվյալներով՝ օդանավում եղել է 164 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ:
«Ինտերֆաքսն» ավելի ուշ հայտնել էր, որ «Սոչի» միջազգային օդանավակայանի աշխատակիցը մահացել է սրտի նոպայից՝ այրվող «Բոինգից» ուղեւորների տարհանմանը օգնելիս:
«Մահվան պատճառը պատահարի հետ անմիջական կապ չունի: Մահացածը սրտի խնդիրներ ուներ»,- ասել էր աղբյուրը: